ՀԱՅԿԱԿԱՆ ՔԹԵՐՆ ՕՐԵՑՕՐ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ….

Հայաստանում քթի պլաստիկ վիրահատություն արվում է դեռևս 1970 թվականից: Ժամանակի ընթացքում թե՛ գիտական տեխնիկան է զարգացել, թե՛ կուտակված փորձը: Եթե տարիներ առաջ քթի պլաստիկ վիրահատությունը համարվում էր բացառիկ երևույթ, և այդ ծառայությունից օգտվում էին միայն աստղերը, ապա այսօր դրա պահանջարկը բավականին մեծացել է: Աճել է ոչ միայն այդ ծառայությունից օգտվողների թիվը, այլև պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվողների քանակը: Ամեն պլաստիկ վիրաբույժ ունի իր ձեռագիրը: Մինչև նրանցից որևէ մեկին քո ապագա քիթը վստահելը, շատ կարևոր է նրա պրոֆեսիոնալիզմի մեջ համոզվելը: Շատ -շատերն են իրենց ապագա քթի դիզայնը վստահել վիրաբույժ Արտավազդ Սահակյանին: ,,Արտոյի մոտ եմ արել,, պատասխանը շատ-շատերից այսօր կարող եք լսել: Մեր զրույցը ԲԳԴ, միկորվիրաբույժ, Բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ է:
-Ավելի հաճախ ո՞ր դեպքերում են դիմում քթի պլաստիկ վիրահատության:
-Սովորաբար երեք տարբեր պատճառներով է կատարվում քթի պլաստիկա: Առաջինը գեղագիտական միջամտություններն են, երբ քթի չափսերն ու կառուցվածքը չեն բավարարում կրողին, և նա ցանկանում է ավելի ներդաշնակ քիթ ունենալ: Կան խիստ արտահայտված կորնթադ քթեր և հետվնասվածքային տձևություններ, որոնք բերում են և’ շնչառական խանգարման, և’ էսթետիկ բարդույթների, որի դեպքում միանշանակ պետք է գնալ վիրահատության: Կան նաև դեպքեր, երբ հետուռուցքային պրոցեսների արդյունքում առաջանում է քթի ավերում, դեմքի քայքայում: Սա կյանքի խնդիր է: Եվ սա այն դեպքն է, երբ ստիպված ես լինում գնալ խոշոր վիրահատական միջամտությունների՝ ուռուցքի հեռացում, որից հետո` քթի վերականգնում: Այս դեպքում վիրահատությունը միջոց է, որպեսզի մարդը չգնա ինքնամեկուսացման ու կարողանա շփվել, հասարակության մեջ գործել` առանց ամաչելու, առանց թերարժեքության զգացումի: Գործում է նաև քթի մեծացման տարբերակը: Դա լինում է հատկապես անհաջող վիրահատություններից հետո:
- Քթի ձևի ընտրության հարցում մի՞շտ եք լսում հաճախորդի կարծիքը:
- Վիրահատությունը բավականին լուրջ միջամտություն է, որը կարող է բերել թե՛ հոգեկան վերելքի, թե՛ դեպրեսիաների: Ընտրությունը պետք է կատարել մանրակրկիտ ձևով, նույնիսկ կարիք է լինում յուրաքանչյուր հաճախորդի հետ հոգեբանական թեստեր անցկացնել, ընդհուպ՝ երբեմն հոգեբույժի կոնսուլտացիա: Քթի ձևը որոշելու հարցում լսում ենք դիմորդի կարծիքը, տալիս ենք մեր խորհուրդները: Երբեմն հրաժարվում ենք վիրահատել, եթե զգում ենք, որ հաճախորդի մոտ հոգեբանական անկայուն վիճակ է: Շտապողական արված յուրաքանչյուր վիրահատությունից հետո վիրաբույժը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ երբեմն հիվանդի մոտ սևեռուն մտքեր են լինում: Անգամ հաճախորդի պահանջով կատարած քթի վիրահատությունը, եթե չի բերում ավելի ուշադրության, բերում է բավականին վատ հետևանքների: Այնպես որ, սա այն դեպքերից է, երբ պետք է հազար անգամ չափել և մեկ անգամ կտրել:
-Որքա՞ն գումար է պահանջվում քթի վիրահատության համար:
- Պաշտոնական վճարները տատանվում են 250-300 հազար դրամի սահմաններւմ: Բացառություններ լինում են Արցախի և Ջավախքի բնակիչների համար: Իսկ օտարերկրացիների համար վճարը կրկնապատիկ է:
- Միջին հաշվով օրը քանի՞ վիրահատություն է արվում:
- Դեպք է գրանցվել, որ օրը 14 քթի պլաստիկ վիրահատություն է արվել, բայց ես ժամանակին հրաժարվել եմ, գիտակցելով, որ կարող է՝ որակ չափահովեմ: Փորձը ցույց է տալիս, որ 8 ժամից հետո վիրաբույժը հոգնում է: Ուսանողությունը նախօրոք պլանավորում է իր ամառային հանգիստը, և բոլորն ուզում են հուլիս ամսվա մեջ՝ չմտածելով, որ վիրաբույժն անկարող է առավոտից երեկո քթեր վիրահատել: Սա, ի դեպ, հայկական արատ է:
- Կո՞ղմ եք հայկական քթերի վերացմանը:
- Հայուհիների մոտ հիվանդություն կա քթերը նմանացնել սլավոններին կամ անգլոսաքսերին, որը, չեմ կարծում, թե արդարացված է: Չեմ կարծում, որ սլավոնական քթերը շատ ավելի գեղեցիկ են, քան մեր՝ հայկական քթերը, եթե սազում են տվյալ անձին:
-Ամենաբարձր մակարդակով ո՞ր երկրում է արվում քթի պլաստիկ վիրահատություն, որտեղի՞ց կարող ենք շատ բան սովորել:
- Երբեմն դա կապված չէ երկրի զարգացվածության մակարդակի հետ: Աշխարհի տարբեր երկրներում էլ հանդիպել եմ շատ տաղանդաշատ վիրաբույժների: Հրաշալի վիրաբույժներ կան թե՛ Գերմանիայում, թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ հարևան Իրանում: Իմ ուսուցիչները եղել են Ֆրանսիացիները: Լավ վիրաբույժ լինելու համար նախ պետք է լինել խելացի և ճաշակով մարդ: Իհարկե, որպես կանոն, ավելի շատ փորձ ունենում են այն երկրների մասնագետները, որտեղ մեծ ու տձև քթերը շատ են:
- Այսօր Հայաստանում պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվում են շատերը, սակայն ոչ բոլորն են որակ ապահովում: Չե՞ք պայքարում դրա դեմ:
- Խորհրդային տարիներին վիրաբուժության հարցը չափից դուրս հստակ էր դրված: Այսօր սեփականաշնորհված հիվանդանոցներ են, որտեղ յուրաքանչյուր տնօրեն իրեն իրավունքներ է տալիս: Հիմա շատ բժիշկներ, ովքեր քիթ -կոկորդի մասնագետներ են, սկսել են զուգահեռ նաև պլաստիկայով զբաղվել: Բայց պլաստիկ վիրահատություն կատարելու համար պետք են համապատասխան գիտելիքներ և տարիների փորձ: Մենք նեղ միջավայրում այս ամենի վերաբերյալ մեր կարծիքն արտահայտում ենք, սակայն սա շատ ավելի լուրջ ու բարդ լուծվող խնդիր է:
- Շատերն են Ձեզ համարում Հայաստանում պլաստիկ վիրաբուժության կարկառուն դեմք: Ձեր մեթոդներն ինչո՞վ են տարբերվում:
- Չեմ կարծում, որ առանձնահատուկ մեթոդներ կան: Պարզապես լինելով Հայաստանում առաջին պլաստիկ վիրաբուժության և՛ ամբիոնի վարիչը, և՛ ծառայության հիմնադիրը, միգուցե իմ փորձն ավելի շատ է:
Անի Մնացականյան