Դիմակներ` ճյուղավորվող մազերի համար

Ճյուղավորվող մազեր ամենից հաճախ հանդիպում են երկար վարսեր ունեցողների մոտ և մեծ անհանգստություն պատճառում նրանց` փչացնելով սանրվածքի արտաքին տեսքը: Մազերի ճյուղավորվող ծայրերը հեշտ են խճճվում, ոչ կոկիկ տեսք ունեն և գույնով երբեմն խիստ տարբերվում են մազերի մնացած հատվածից:
Բարեբախտաբար ճյուղավորված մազերի խնդիրը լուծելն այնքան էլ բարդ չէ, կարևորը` բավարար ուշադրություն հատկացնել ամենօրյա խնամքին: Տնային պայմաններում կարելի է պատրաստել տարբեր դիմակներ ճյուղավորված ծայրերի դեմ, դիտարկենք դրանցից մի քանիսը:
Տաք բուսայուղերով դիմակ
Մոտավորապես մազերը լվալուց 30 րոպե առաջ պետք է ծայրերին դիմակ քսել` տաքացրած յուղերի խառնուրդից: Ընդ որում յուղերը պարտադիր չէ խառնել, դրանք կարելի է քսել առանձին-առանձին, բայց տարբեր համակցություններից` արդյունքը զգալիորեն մեծ կլինի: Օրինակ լավ վերականգնող ազդեցություն ունի նշի յուղը: Այն սնուցում է մազերը, հագեցնում է նրանց օգտակար նյութերով և այսպես ասած “փակում” է շերտավորված մասնիկները:
Նշի յուղը կարելի է զուգակցել ձիթայուղի կամ կռատուկի յուղի հետ: Պարզապես խառնեք այդ յուղերը հավասար չափերով և քսեք մազերին: Հետո մազերն ամբողջությամբ ծածկեք գլխարկով կամ պոլիէթիլենային տոպրակով, փաթաթեք տաք սրբիչով(պահպանելու համար ջերմային էֆեկտը, որը լավացնում է օգտակար նյութերի ներթափանցումը):
Ձվի դեղնուցով և մեղրով դիմակ
Ճյուղավորվող մազերի համար կարելի է օգտագործել` ձվի դեղնուցից, մեղրից և ցանկացած բուսայուղից(թեկուզ արևածաղկի) պատրաստած դիմակ: Առանձնացնում ենք դեղնուցը սպիտակուցից (շատ զգույշ, քանի որ նույնիսկ ոչ մեծ քանակությամբ սպիտակուցը չորացնող ազդեցություն է ունենում), խառնում ենք դեղնուցը երկու թեյի գդալ մեղրի հետ, լցնում ենք երկու ճաշի գդալ տաքացրած բուսայուղ, լավ խառնում ենք և քսում մազերի ծայրերին:
Այս դիմակը ևս պետք է պահել տաքության մեջ մոտավորապես 30 րոպե: Մազերը դրանից հետո պետք է լվալ շատ փափուկ բնական շամպունով, վերջում ծայրերը շփել սառը ջրով: Սառը ջուրը լավ փակում է մազերի շերտավորումը և կանխում նորերի առաջացումը:
Բանանով և կաթի սերուցքով դիմակ
Մազերի ծայրերը լավ սնուցում է` տրորած բանանից, կաթի սերուցքից և խաղողի կորիզների տաքացրած յուղից պատրաստված դիմակը: Բոլոր բաղադրիչները պետք է լավ մանրացնել բլենդերում և քսել մազերին, լվալ 20 րոպե հետո:
Հալվեով և մեղրով դիմակ
Շատ լավ բուժում է ճյուղավորված ծայրերը` հալվեի (ալոե) թարմ հյութից, մեկ թեյի գդալ մեղրից և մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութից պատրաստված դիմակը: Կարելի է ավելացնել մի քիչ ձիթապտղի յուղ` և օգտակար է, և հեշտացնում է դիմակը մազերին տարածելու գործընթացը: Բոլոր բաղադրիչները պետք է լավ խառնել, մինչև դառնա միատարր զանգված և ստացված խառնուրդը մի փոքր տաքացնել, մինչև քսելը: