Դեմքի մաշկի ձգում (Lifting)

Ժամանակի ընթացքում լիֆթինգի կամ մաշկի ձգման կարիք կարող է զգալ ցանկացած կին: Յուրաքանչյուրը մի օր կնկատի, որ մաշկը դառնում է ավելի բարակ եվ չոր, դեմքի գույնը վատանում է, դեմքի ուրվագծերը՝ փոխվում: Տարիքի հետ ընկնում է մկանային տոնուսը, ճակատի եվ կզակի կնճիռները խորանում են, այտերը սկսում են կախվել: Լիֆթինգն օգնում է պայքարել կոլագենային եվ էլաստինային թելերի նվազման պատճառով պայմանավորված տարիքային փոփոխությունների դեմ, որոնք դրսեվորվում են մաշկի առաձգականության եվ էլաստիկության կորստով: Ամրացնելով հյուսվածքները՝ լիֆթինգն ի զորու է լավացնել դեմքի ուրվագծերը եվ հարթել մանր կնճիռները:
Մաշկի ձգման մեթոդները
Մաշկի ձգման էֆեկտ կարելի է ստանալ այնպիսի ժամանակակից կոսմետիկ գործողությունների շնորհիվ, ինչպիսիք են մեզոթերապիան, ձեռքային եվ վակուումային մերսումը, միոստիմուլյացիան, ուլտրաձայնի, միկրոհոսանքների եվ լիֆթինգ-պրեպարատների ազդեցությունը, ֆոտոերիտասարդացումը եվ մաշկի լազերային հարթեցումը:
Մեզոթերապիա
Մեզոթերապիայով մաշկի ձգման հիմքում ընկած է այնպիսի կոկտեյլների օգտագործումը, որոնց հիմնական բաղադրիչը հիալուրոնաթթուն է՝ մաշկի այն տարրերից մեկը, որը պատասխանատու է նրա մեջ հեղուկի պահպանման համար: Մաշկի ձգումն իրականանում է կորցրած հեղուկի վերականգնման հաշվին, որը մեծացնում է մաշկի լարվածությունը՝ տոնուսը, դարձնելով այն ավելի առաձգական: Էմբրիոնալ բջիջներից կազմված կենսաբանական ակտիվ նյութ պարունակող պրեպարատները վերականգնում են մաշկի բջիջների բնական վերարտադրումը՝թարմացումը, հետեվաբար նաեվ մաշկի էլաստիկությունը:
Լիֆթինգ-պրեպարատներ
Այսօր առկա կոսմետիկ լիֆթինգ-պրեպարատներն ազդում են մաշկի վրա մակերեսային եվ խորը մակարդակով: Ձգման էֆեկտը նկատվում է պրեպարատը քսելուց անմիջապես հետո՝ նրանում պարունակվող ակվալիֆթինգային միկրոմասնիկների շնորհիվ, որոնք, ներծծելով ջուրը դեմքի մակերեսից, ձգում են մաշկը: Խորը մակարդակում լիֆթինգ-պրեպարատի ազդեցությունն ուղղված է մաշկի ծերացման ավելի ակտիվ կանխարգելմանը, վերականգնման պրոցեսների խթանմանը, տարիքային փոփոխությունների հանդեպ մաշկի կայունության, նրա հակաօքսիդանտային պաշտպանության, խոնավության եվ էլաստիկության մեծացմանը: Դրա համար կիրառվում են վիտամիններ ու հանքանյութեր, կանաչ թեյի, հալվեի(ալոե), հազրեվարդի եվ կիտրոնի էքստրակտներ, հիալուրոնաթթու, ֆերմենտներ, կոլագեն, բնական թթուներ ու ջրիմուռներ:
Ձեռքային մերսում
Մաշկի ձգման կարելի է հասնել հատուկ ձեռքային մերսման շնորհիվ, որն ունի ամրացնող եվ ավշի շրջանառությունը լավացնող ազդեցություն: Մերսման օգնությամբ մաշկն ազատվում է եղջերացող շերտի մահացած բջիջներից, լայնանում են արյունատար անոթները, ակտիվանում է քրտնարտադրությունը, դուրս են բերվում տոքսինները՝ նյութափոխանակության արդյունքում առաջացած թույները, կարգավորվում է ճարպագեղձերի գործունեությունը, հյուսվածքները դառնում են ավելի էլաստիկ եվ առաձգական: